կարճ լուրեր

Մեր Մասին

ՆԱԽԱԲԱՆ
     1963 թ.-ին հիմնադրւեց Հայ Մշակութային “Սիփան” Միութիւնը: “ Ի մի հաւաքելով Հայ երիտասարդութեան եւ պատանեկութեանը, կերտել ու զարգացնել նրանց մէջ կրօնա-բարոյական ըմբռնում եւ ազգային նկարագիր, տալ նրանց հայեցի դաստիարակութիւն, ֆիզիկական վարժութիւն ու վառ պահելով յեղափոխական պայքարի ոգին…”, այս է եղել Սիփանի հիմնադիրների նշանաբանը եւ նրանց յաջորդող միութենականների կարգախօսը, նոյնն է այսօր մեր օրօք, եւ այդ դարձել է միութեանս կանոնագրի մէկ յօդւած:
Սկզբնական շրջանում Հ. Մ. “Սիփան” միութիւնում հիմնադրւեցին գրական խմբեր, երգչախմբեր եւ թատերախմբեր, որոնք իրենց գործունէութեամբ սատար հանդիսացան արւեստի ճանաչման եւ տարածման գործին: “Սիփան”-ը կազմակերպեց ու մասնակցեց մարզական բազմաթիւ խաղերի, եւ դարձաւ մշակոյթի զգօն ջահակիրը:
Թէպէտ եղան դժւարին օրեր, թէպէտ երբեմն մռայլ ամպեր պատեցին “Սիփան”-ին, բայց “Սիփան”-ը մնաց անսասան եւ շարունակեց իր նւիրական ուղին:
“ՍԻՓԱՆ” ՄԻՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ
     Յետադարձ մի հայեացք նետելով Թեհրանահայ կեանքի 60- ական թւականի պայմաններին, ուր ծնունդ առաւ Հայ Մշակութային “Սիփան” Միութիւնը, մեր առջեւ ստեղծւում է հետեւեալ պատկերը` թեհրանաբնակ հայերի թիւը մի շարք ազդակների բերումով պարզ կերպով աճել է եւ ազգային ղեկավարութիւնը հազիւ է հասցնում այդ մեծ քաղաքի տարբեր անկիւններում ցրւած հայութեան ազգային-հասարակական կարիքները հոգալ: Ներգաղթի դռները մէկ անգամից փակւել են հայրենադարձ ժողովրդի առջեւ եւ հազարաւոր գիւղաբնակ հայեր թողնելով կամ էժան վաճառելով իրենց ինչքն ու կահկարասին 1946 թւականից ի վեր անմխիթար վիճակում մնացել են Թեհրանում: Հետագայ տարիներին գիւղից քաղաք տեղի ունեցող գաղթի պատճառով եւ նախկին վարչակարգի սխալ քաղաքականութեան հետեւանքով եւս հայ գիւղացու գաղթը դէպի Թեհրան կանգ չառաւ: Բազմաչարչար հայը տնտեսական նւազագոյն ապահովութիւն ստանալուց յետոյ ու թերեւս դրան զուգընթաց չէր կարող չմտածել եկեղեցու եւ դպրոցի մասին եւ ահա մէկը միւսի յետեւից կառուցւում են նոր եկեղեցիներ ու դպրոցներ, իսկ երիտասարդները դպրոցից բացի ունենում են նաեւ իրենց նոր կենտրոնները յանձինս մարզկան եւ մշակութային միութիւնների:
60-ական թւականներին թէեւ գաղութում աշխատանք էր տանում “Արարատ” Կազմակերպութիւնը, բայց հայաշատ թաղերի ցրւածութեան պատճառով չէր կարող բաւարարել բոլոր երիտասարդների կարիքները, ուստի Թեհրանի արեւելեան շրջանի՝ Վահիդիէ, Զարքեշ եւ Նարմաք թաղերում ապրող մի խումբ ազգայիններ եւ մտահոգ երիտասարդների մօտ, “Ալիք” հաստատութեան հովանաւորութեամբ գեղեցիկ միտք է յղանում մէկտեղելու այդ շրջանի երիտասարդներին, եւ միութեան յարկի տակ տալ նրանց ազգային եւ մշակութային դաստիարակութիւն եւ հայկական ոգին:
Այսպիսով “Սիփան” միութիւնը հիմնւում է 1963 թւականի դեկտեմբերին կենտրոնատեղի ունենալով նախ հայոց “Նայիրի”, ապա “Թունեան” դպրոցները: Կեանքի է կոչւում անդրանիկ վարչութիւն եւ կազմւում են միութեան բաժանմունքները:
ՄԻՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ
Անդրանիկ Վարչութեան անդամներն էին` Գրիգոր Գրիգորեան՝ նախագահ, Նորայր Սարգսեան-Էլսայեան` փոխ-նախագահ, Հայկ Շիրինեան` քարտուղար, Վարդգէս Բաշեան` գանձապահ, Տիգրան Խաչիկեան` գոյքապահ, Մկրտիչ Մովսիսեան եւ Նազար Նազարեան:
Շուտով միութիւնը ունենում է իր թատերախումբը, երգչախումբը, գրադարանը, հայոց լեզւի եւ գրականութեան դասաժամերը, մշակութային-հանրային ձեռնարկները եւ ամէն տարի նշում է ազգային կրօնական տօները եւ ոգեկոչում հայկական Մեծ Եղեռնի բիւրաւոր նահատակների յիշատակը: Մարզական բաժանմունքը նախ օժտւում է վոլէյբոլի, ապա բասկետբոլ եւ վերջում ֆուտբոլ խմբերով: Հիմնադրման օրերին միութիւնը ունէր 50-ի շուրջ անդամներ, որոնք բազմապատկւում են յատկապէս կենտրոնատեղի ունենալուց յետոյ:

 ArajinVarchutyun-S

 
ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ
Սեփական կենտրոնատեղի ունենալու հարցը առաջին օրւանից մտահոգել է միութեան ղեկավարներին եւ նրանց ջանքերի շնորհիւ յաջողւել է խոշոր նւիրատւութիւն ապահովել Գուրգէն եւ Վազգէն Սարգսեաններից, «Ալիք» Հաստատութիւնից, Գիւլբենգեան Հիմնարկութիւնից, ու ժողովրդական նւիրատւութիւններից եւ գնել ներկայի շէնքի հողամասը՝ 1220ք.մ. եւ կառուցել միայարկ շէնք: Յատկանշելի է նաեւ Ռոբերտ Սերերերեկեանի տարած աշխատանքը միութեան կենտրոնատեղիի կառուցման նւիրահաւաքի խնդրում:

 
Կենտրոնատեղիի հիմնօրհնէքը կատարւել է ձեռամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ ՝ Տ. Արտակ Արք. Մանուկեանի եւ ընկերակցութեամբ Տ. Ահարոն Աւագ Քհնյ. Տէր Գալստեանի 16 յունիսի 1967-ին: Ողջոյնի խօսքով հանդէս են եկել թեմի առաջնորդը, միութեան փոխ-նախագահ՝ Նորայր Էլսայեանը, դոկտ. Սամսոն Ստեփանեանը եւ Ժիրայր Ղարիբեանը:

 
Հիմնօրհնէքի արարողութեան եւ դրան յաջորդող տարիներին 67 հայրենակիցներ եւ հիմնարկութիւններ ընդհանուր գումարով 1.413.810 ռիալ նւիրել են «Սիփան» Միութեան, որի շնորհիւ կառուցւել է կենտրոնատեղի միայարկ շէնքը. Որոշ ազգայիններ եւս կահկարասիի կամ շինանիւթ են նւիրել միութեան:
Կենտրոնատեղի բացումը կատարւել է 1970 թւականի նոյեմբերի 27-ին ներկայութեամբ միութեան բոլոր անդամների, «Թունեան» եւ «Նայիրի» դպրոցների սկաուտների եւ մեծ թւով հրաւիրեալների. Բացումը կատարել է Թեմի Առաջնորդ՝ Տ. Արտակ Արք. Մանուկեանը եւ իր ողջոյնի խօսքն է ասել:

 
Կենտրոնատեղիի կառուցման զուգընթաց յառաջ են տարւել միութեան ընթացիկ աշխատանքները: 1965 թւականին մշակւել է միութեան կանոնագրութիւնը, ապա հրաւիրւել է ընդհանուր ժողով, ուր վաւերացւել է կանոնագրութիւնը եւ վերընտրւել է վարչութիւնը 1966 թւականից նախագահութիւնը ստանձնել է Նորայր Էլսայեանը: Յետագային վարչութեան մէջ է հրաւիրւել նաեւ Վարդան Ծ. Վարդանեանը եւ Հերոս Գաբրիէլեանը:
Երկու շաբաթ մէկ տեղի են ունեցել ընդհանուր հանդիպում, դասախօսական երեկոյ, վիճաբանութիւն, հարցախաղ, շարժանկարի ցուցադրում եւ արշաւներ: Թատերախումբը այս շրջանում շնորհիւ մշակոյթի անխոնջ մշակ՝ Արուսեակ Թաշճեանի բեմադրւել է «Նամուսը», որը ներկայացւել է նաեւ նոր Ջուղայում, «Բերբեկս», «Արչին մալալան», «Մարւող ճրագներ» պիեսները, նաեւ «Վասակը բանտում» եւ «Թիւ 5 խելագարը» Վարդգէս Բաշեանի եւ Նազար Նազարեանի ղեկավարութեամբ:

 


Միութեան երգչախումբը եւս ունեցել է իր կանոնաւոր փորձերը Հերոս Գաբրիէլեանի խմբավարութեամբ:
Այս շրջանում լուծարքի ենթարկւած «Ոոստոմ» միութեան գրադարանի գրքերը եւ մի շարք մարզական պիտոյքներ փոխադրւեցին «Սիփան»: Յետագային միութեան գրադարանը աւելի ճոխացաւ Ազնա գիւղի գրադարանի գրքերի «Սիփան»-ին նւիրւելով:
Վարչութիւնը պարբերական դասախօսութիւնների շարան է կազմակերպել ժողովրդի համար: Նաեւ ամէն ամառ միութենականների համար կազմակերպւել են մի քանի զբօսապտոյտներ, քաղաքից դուրս գտնւող զբօսայգիներում:
Միութիւնը «Թունեան» դպրոցից բացի իր մշակութային եւ մարզական աշխատանքների համար օգտւել է նաեւ «Նայիրի» դպրոցի յարմարութիւններից:

 
Մեծ եղեռնի 49-ամեակից (1964-ից) սկսեալ Միութիւնը ամէն տարի կազմակերպել է յիշատակի եւ պահանջի երեկոյ: 50-ամեակի ոգեկոչման արարողութեան ժողովրդական լայն խաւերի մասնակից դարձնելու համար: Պատկան արարողութիւնը «Նայիրի» սրահում կրկնւել է մէկ շաբաթ:
Ամէն տարի տեղի է ունեցել Մայիսի 28-ի տօնակատարութիւն: Մայիսի 28-ի 50-ամեակի (1968) տօնակատարութիւնը նշւել է մեծ շուքով եւ աւելի քան 1500 հոգու ներկայութեամբ:
Միութիւնը 2-րդ նստաշրջանից սկսեալ ամէն տարի կազմակերպել է Ս. Թադէի Վանքի ուխտագնացութեան կարաւան եւ մեծ թւով թեհրանահայերի համար առիթ է ստեղծել ուխտագնացութեան օրերին լինելու Ս. Թադէի Վանքում: