կարճ լուրեր

Հայկական պարի աւանդոյթների բերդապահները՝ Թեհրանում

5a69adf15a9e6c7f2091142cb9f8e82d_XL

Կիրակի, 16 Նոյեմբերի

Արդէն 27 տարի է, որ «Զարթօնք» պարախումբը՝ գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Լորետա Աւետիսեանի ղեկավարութեամբ մեր համայնքի արւեստասէր հասարակութեան դատին է յանձնում հայկական պարի բացառիկ նմուշներ, նմուշներ՝ որոնք հայկական աւանդոյթներով եւ ազգային տարրերով են յագեցած:

Արդէն 27 տարի է, որ «Զարթօնք» պարախումբը՝ գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Լորետա Աւետիսեանի ղեկավարութեամբ մեր համայնքի արւեստասէր հասարակութեան դատին է յանձնում հայկական պարի բացառիկ նմուշներ, նմուշներ՝ որոնք հայկական աւանդոյթներով եւ ազգային տարրերով են յագեցած:
Եւ այսպէս՝ վերջերս պարախումբը, աւելի ճիշտ պարախմբի ղեկավարը, սաները եւ նրանց ծնողները միահամուռ որոշեցին այստեղ հրաւիրել Հայաստանի «Բերդ» վաստակաւոր անսամբլին, որի գեղարւեստական ղեկավարն ու պարերի բեմադրողն է Հայաստանի Ազգային պարարւեստի միութեան նախագահ, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ, պրոֆեսոր Կարէն Գէորգեանը:
141116d01aԱմիսներ անց սաների եւ նրանց ծնողների մեծ աջակցութեամբ եւ հովանաւորութեամբ «Բերդ» անսամբլի հրաւիրման գործընթացը իրականութիւն դարձաւ՝ այն իրականացաւ «Զարթօնք» պարախմբի հրաւէրով եւ Հ. Մ. «Սիփան» միութեան համագործակցութեամբ: Թէ ինչպիսի դժւար ուղի անցաւ այդ չորս ամիսների կազմակերպչական աշխատանքը եւ ի վերջոյ իրականութիւն դարձաւ՝ այդ մասին աւելի մանրամասն մեր հարցազրոյցներում: Իսկ աւելի կարեւոր մի իրողութիւն, որը արձանագրւեց համերգներից մէկի ժամանակ՝ ՀՀ Սփիւռքի նախարարի հրամանագրով պարախմբի գեղարւեստական ղեկավար Լորետա Աւետիսեանը պարգեւատրւեց «Մայրենիի դեսպան» շքանշանով, որի առիթով «Ալիք» օրաթերթը մէկ անգամ եւս շնորհաւորում է Լորետային ազգային պարի աւանդոյթները պահելու եւ պահպանելու համար արժանացած այս բարձր կոչմանը:
141116d01bՀամերգներից վերջնին ներկայ էր՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եւ իրանահայ երեք թեմերի առաջնորդներն ու հոգեւոր դասը:
Եռօրեայ այս բերդապահների շքեղ համերգաշարը յոտնկայս ծափահարութիւնների, ազգային ոգու տառին ու բառին արժանի ընդունելութեան արժանացաւ հանդիսատեսի կողմից:
Հարցազրոյց՝ Հայաստանի «Բերդ» պարի անսամբլի գեղարւեստական ղեկավար Կարէն Գէորգեանի հետ

Հ.- Պարի անզուգական աւանդոյթներով հարուստ «Բերդ» պարի անսամբլի գեղարւեստական ղեկավար Կարէն Գէորգեանը ինչպէս է գնահատում այսօր հայկական պարարւեստի իրական պատկերը՝ այս ոլորտի աւանդոյթների պահպանումը, որպէս մշակոյթ:
Պ.- Նախ, ասեմ որ հայկական պարը հազարամեակների պատմութիւն ունի եւ կրում է իր մէջ մեր պատմութեան ողջ ընթացքը: Հազարամեակների փորձութիւններով է անցել եւ իր խոր կնիքն ու ազդեցութիւնն է թողել թէ՛ մեր ժողովրդի պատմութեան, եւ թէ՛ զարգացման ընթացքի մէջ:
141116d01cՀայաստանում, եթէ որոշ մարդկանց թւում է, թէ պարը անկում է ապրում, ժամանակակից հրապուրանքները այսօր աւելի շատ են, երիտասարդները աւելի շատ են հրապուրւում այդ ժամանակակից մշակոյթի յորձանուտով, ես պէտք է այդ մարդկանց իսկապէս հիասթափեցնեմ, եւ ասեմ, որ հայկական պարը արիւնով է փոխանցւում հայ ժողովրդին եւ այսօրւայ հայկական պարի դպրոցներում գործող պարախմբերի քանակը՝ երեխաների ոգեւորութիւնը, ծնողների պատրաստակամութիւնը երեխաներին տանելու ազգային պարի դպրոց եւ այդ համոյթնների քանակը խօսում է այն մասին, որ պարը հայ ժողովրդի կենցաղի անբաժան մասն է կազմել եւ թէ՛ մեր ապրելակերպն է եղել, եւ թէ՛ մեր ինքնութեան բանալին: Պարը մեր ժողովրդի ամենածանր պահերին նրան ոգեւորելու ամենացայտուն գործօնն է եղել: Այս բոլորի հետ միաժամանակ պէտք է նշեմ, որ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում գոյութիւն ունեն տարբեր պարախմբեր եւ պարախմբերի ղեկավարներ, որոնք իսկապէս չգիտեն մատուցւող պարի խորհուրդը եւ կարծես նրանք մեղաւոր էլ չեն, որովհետեւ ժամանակի ընթացքում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս ուրիշ կերպ է փոխանցւել հայկական պարը, ուրիշ չափորոշիչներով է գնահատւել այս արւեստը, քանի որ ժամանակի պարտադրանքով ծրագրում պէտք է ներառւած լինէին նաեւ այլ ժողովուրդների պարեր: Բայց, փառք Աստծոյ այսօր մեր պետականութեան վերականգնումից ի վեր մեր հայոց պարն էլ իր անկախ դրօշը ունեցաւ, ունեցաւ մեր տոհմիկ պարերը բացայայտելու ու մատուցելու բացառիկ հնարաւորութիւն, հայկական պարարւեստը իր ողջ գունապնակով ներկայացնելու հնարաւորութիւն՝ այս ամբողջ հնագոյն ծիսակարգը ժողովրդին տեղ հասցնելու բացառիկ առիթ ընձեռւեց: Դժւարանում եմ ասել, թէ ինչպէս է այն այսօր մատուցւում՝ դա ուրիշ խնդիր է արդէն եւ այն դեռ կը շարունակւի, քանի դեռ կարգաւորւած չի պարի մասին օրէնքի բացակայութիւնը: 141116d01dՄենք, բազմաթիւ հանդիպումներում թէ՛ ՀՀ մշակոյթի նախարարի հետ, թէ՛ բարձրաստիճան այլ պաշտօնեաների հետ արծարծում ենք այն հարցը, որ մշակութային օրէնքի մէջ բացակայում է պարի մասին դրոյթը, երբ օրէնք լինի Ազգային ժողովը հաստատի այս օրէնքի այն դրոյթը, որ ինչպէս անել, որ հայը հայերէն պարի կամ ով իրաւունք ունի պարուսուցմամբ զբաղւելու, եւ ում է վերապահւած ազգային տարազ ներկայացնելու իրաւունքը, այդ ժամանակ արդէն ամէն ինչ կընկնի իր տեղը: Օրինակ՝ տեսէք, այս համայնքում ես գրեթէ ծանօթ եմ բոլոր պարախմբերին, գիտեմ նրանց խաղացանկը, բայց ինձ համար առանձնայատուկ տեղ է գրաւում «Զարթօնք» պարախումբը, պարախումբ, որը մեր շատ սիրելի պարուսոյց՝ Լորետա Աւետիսեանի արհեստավարժ ուսուցման արդիւնքում կայացել է գերազանց մակարդակով, նոյնիսկ այնպիսի մակարդակ է արձանագրում, որը գերազանցում է հայաստանեան պարախմբերից շատերի:
Ես ցանկանում եմ մատնանշել, որ հայկական պարը լուսաւոր ապագայ ունի եւ հէնց «Բերդ» պարի բերդապահերի միջոցով այդ աւանդութիւնները պահպանւում եւ տարածւում են: Ցանկանում եմ եւս մէկ անգամ վստահեցնել, որ հայկական պարը ամուր ձեռքերում է՝ նրան նոր շունչ, նոր երանգ է տրւում ու նաեւ դրանում է մշակոյթը զարգացնելու արւեստը:
Հ.- Մի քանի խօսք համերգից ստացած տպաւորութիւններից՝ Ձեր համերգները այս մի քանի օրերի ընթացքում մեծ խանդավառութեամբ ընդառաջւեցին հանդիսատեսի կողմից: Իսկ Դուք ի՞նչ զգացիք դահլիճի ջերմութիւնից:
Պ.- Վերջին համերգից յետոյ՝ բեմի վրայ կանգնած հոգիս ցանկացաւ մի բան ասեմ եւ պոռթկացի ասելով, որ կարծես վերացել է սահմաները մեր եւ հանդիսատեսի, եւ կարծես բոլորիս վրայ իջել էր մեր հինավուրց երկրի կարօտն ու սէրը, որպէս սրբազան աղօթք:
Մենք այս 50 տարիների ընթացքում շրջագայել ենք երեք տասնեակից աւելի երկրներում, շփւել ենք բազմատեսակ հանդիսատեսի հետ, մի հետաքրքիր ձեւով այստեղի հանդիսատեսը այս մի քանի օրւայ ընթացքում մեր 50 տարւայ պատմութեան մէջ առանձնացաւ իր ջերմութեամբ, առանձնացաւ իր իւրայատուկ ընդունելութեամբ: Երբ քո հայրենակիցն է Սփիւռքում քեզ յոտնկայս ծափահարում դա արդէն ուրիշ խորհուրդ ունի իր մէջ:

141116d01e

Ես երախտագիտութեան եւ շնորհակալիքի խօսք եմ ցանկանում ուղղել «Զարթօնք» պարախմբի ծնողներին, ծնողական խորհրդին, որոնք այս երկու օրերի ընթացքում իրենց բացառիկ ընդունելութեամբ, իրենց ուշադրութեամբ ողողեցին մեզ, նրանց այդ ջերմութիւնը այլեւս սահման չէր ճանաչում: Սիրելի Լորետայի կազմակերպչական բարձր ունակութիւնների արդիւնքում մենք արժանացանք ծնողների նման ջերմ վերաբերմունքին:
Երբ ՀՀ Սփիւռքի նախարարը իմացաւ, որ մենք հրաւիրւել ենք «Զարթօնք» պարախմբի կողմից, ասաց որ ես անպայման պէտք է պարգեւատրեմ այն մարդուն, ով կազմակերպել եւ յանձն է առել այս միջոցառումը, եւ ես ասացի, որ այդ անհատի անուն-ազգանունը Լորետա Աւետիսեան է:
Ամիսներ առաջ էր, որ իմ առանձնասենեակում մենք առանձնազրոյց ունեցանք եւ ծրագրեցինք, որ համոյթը լինի իրանահայութեան հիւրը: Եւ այսօր մենք արդէն այստեղ ենք ձեզ մօտ այս ջերմ միջավայրում, որի համար շնորհակալութիւն բոլորիդ:
Վերջում ցանկանում եմ իմ երախտագիտութեան խօսքը ուղղել «Ալիք» օրաթերթին մաղթելով նրան յարատեւութիւն, այստեղ եւս շատ ջերմ ընդունեցին մեզ, եւ ես ոգեւորւած եմ:
«Զարթօնք» պարախմբի ղեկավար Լորետա Աւետիսեան

141116d01fՀ.- Ինչպէ՞ս կայացաւ Ձեր եւ Կարէն Գէորգեանի համագործակցութիւնը եւ ամենակարեւորը ինչպէ՞ս ծնւեց մտայղացումը, որի արդիւնքում նրանք այսօր այստեղ են:
Պ.- Ես արդէն երեք տարի է ուսանում եմ Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան Մանկավարժական համալսարանի Պարարւեստի ֆակուլտետում եւ մեր ֆակուլտետի տնօրէն պրոֆեսոր Կարէն Գէորգեանի հետ տարւայ ընթացքում առիթ եմ ունենում մի քանի անգամ հանդիպելու: Կարող եմ վստահօրէն ասել, որ այս երեք տարիների ընթացքում երեք տասնեակ տարիների չափ գիտելիք եմ ձեռք բերել: Եւ այդ առումով «Զարթօնք» պարախմբի որակական չափորոշիչները ակնառու կերպով բարձրացան, քանի որ ես իմ ձեռքբերած գիտելիքները ներդնում եմ խմբի զարգացման գործին:
Մշակոյթի մէկամսեակի առիթով ես եւ Կարէն Գէորգեանը խորհրդակցեցինք եւ որոշեցինք, որ «Բերդ» անսամբլը անպայման Թեհրան ժամանի եւ ուրախ ենք, որ այս այցը իրականութիւն դարձաւ, թէկուզ շատ դժւարութիւններ յաղթահարեցինք: Եւ ամենաէականը այս գործում մենք մեր թիկունքում չենք ունեցել յատուկ հովանաւորութիւն՝ Հ. Մ. «Սիփան» միութիւնը միայն իր սրահը տրամադրեց մեզ եւ ուրախ ենք, որ այս անսամբլը մեր կողքին էր այս մի քանի օրերի ընթացքում: Նպատակ ունենք նման նախաձեռնութիւնները շարունակելու:

141116d01g

Ծրագրի ընդհանուր պատասխանատու Վահիկ Ասատրեան

Հ.- Եթէ կարելի է խօսէք կազմակերպչական աշխատանքներից, որոնց հետ կապւած դժւարութիւնները արդէն յետեւում են մնացել:
Պ.- Շուրջ չորս ամիս առաջ էր, տեղեկացւեցինք, որ «Բերդ» անսամբլը պէտք է ժամանի Թեհրան եւ համերգներով հանդէս գայ: Մտածեցինք տարբեր ելքերի մասին եւ արդիւնքում Հ. Մ. «Սիփան» միութիւնը մեզ ընդառաջեց տրամադրելով միութեան սրահը: Շատ լուրջ նիւթական խնդիր ունէինք, գիտէք որ նման նախաձեռնութիւնը մեծ ֆինանսական միջոցների է կարօտ: Դժբախտաբար, այստեղ եւս մեր ջանքերը զուր անցան՝ չկարողացանք լուրջ հովանաւոր գտնել եւ դիմեցինք «Զարթօնք» պարախմբի ծնողներին: Այսօր արդէն վստահօրէն եւ հպարտութեամբ կարող ենք արձանագրել, որ այս համերգները իրականութիւն դարձան պարախմբի ծնողների անմնացորդ ջանքերով:
Գուցէեւ բարին էլ սա էր, քանի որ այս նախաձեռնութիւնը համախմբւած աշխատանքի արդիւնքում արձանագրւեց: Միահամուռ ջանքերով բոլոր սաները եւ ծնողները բեմն էին պատրաստում, բեմի արտաքին յարդարումն էին ճշտում եւ այլն:

Հարցազրոյցները վարեց՝
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ

-->