կարճ լուրեր

«Սիփան»-ի լեռնագնացները՝ 4280 մետր բարձրութեամբ՝ Նազերէ Բոզորգ լեռան գագաթին

 

«ԱԼԻՔ»օրաթերթ – Վերջին շրջանում յաճախակի է դարձել «Սիփան» միութեան լեռնագնացութեան խմբի իրականացրած ծրագրերի մասին լրատւութիւնը:
Այդ կապակցութեամբ կարելի է արձանագրել, որ «Սիփան»-ի խումբը հայկական գործող խմբերի միջից միակն է, որ պաշտօնական գրանցում ունի Իրանի լեռնագնացութեան եւ ժայռամագլցման ֆեդերացիայում, եւ եթէ ոչ միակը՝ գոնէ հատ ու կենտ աշխոյժ խմբերից է:
Եւ այսպէս դեռ թարմ էր նրանց կատարած «Խաշէչալ» լեռան գագաթին յայտնւելու լուրը (տես. «Ալիք», հոկտ. 22), երբ խմբի պատասխանատու Ռուբիկ Յովհաննիսեանը մեզ տրամադրեց նրանց Նազերէ Բոզորգ լեռը բարձրանալու մասին պատմող նիւթը, որը ինչպէս Ռուբիկի նախորդ թղթակցութիւնները՝ պարունակում է ոչ-պակաս հետաքրքրաշարժ տւեալներ՝ լեռան գտնւելու միջավայրի եւ զբօսաշրջային ու յիշարժան  իւրայատկութիւնների մասին:

—————————-

Թղթակցութիւնը՝
ՌՈՒԲԻԿ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆի

 

«Սիփան» միութեան լեռնագնացութեան խումբը չորեքշաբթի, նոյեմբերի 13-ին, իր աշնանային ծրագրերի շարանը համալրեց հերթական ուղեւորութեամբ՝ բարձրանալով 4280 մետր բարձրութեամբ Նազերէ Բոզորգ լեռան գագաթը:
Լեռնագնացներ՝ Հրաչ Վարդումեանից, Ժանէս Աւետեանից եւ Արթին Յովսէփեանից կազմւած խումբը գլխաւորութեամբ Ռուբիկ Յովհաննիսեանի՝ վաղ առաւօտեան մեկնելով Աբ-ասք՝ շարունակեց ճանապարհը, անցնելով Բայջան գիւղամիջով՝ հասաւ Քահրուդի շրջանը: Այնուհետեւ կտրելով եւս 30 կիլոմետր՝ կանգնեց բնութեան հրաշքներից՝ Նամարեսթաղի առջեւ:
Հէնց այստեղից էլ մեկնարկեց դէպի գագաթ տանող քայլուղով արշաւը:
«Նամարեսթաղ» կարելի է հասնել նոյնիսկ սեփական փոխադրամիջոցով, որից յետոյ երթը շարունակել կարելի է միայն համապատասխան հագուկապով ու կօշիկներով:
Մեկնակէտին շատ շուտ յաջորդեց «Դաշթէ Փանիր» կոչւող հրաշագեղ բարձրունքը, որտեղից շուրջ եօթ ժամ բարձրանալուց յետոյ, խումբը հաստատւեց 3200 մետր բարձրութեան վրայ, որտեղ ըստ ծրագրի՝ նշանակւել էր որպէս յենակէտային ճամբար:
Եօթժամեայ այդ վերելքի ընթացքում, զգալի էր ջերմաստիճանի կտրուկ անկումն ու ամպամած եղանակով օդի փոփոխութիւնը, ինչը շատ շուտ փոխւեց տեղացող ձիւնի, որը բնականաբար ազդեց ընթացքի արագութեան վրայ:
Առաւօտեան արթնանալով, խումբը անակնկալի եկաւ ձիւնածածկ տարածքում յայտնւելով, որտեղ դեռ շարունակւում էր տեղալ փոշիանման ձիւնը: Իհարկէ, որ սա չէր կարող խանգարել խմբին՝ ծրագիրը իրականացնելու գործում: Շուրջ 30 սմ. խորութեամբ ծածկոյթով ձեան մէջ խումբը բարձր տրամադրութեամբ բարձրադիր ճամբարից մեկնեց 1080 մետր հեռաւորութեան վրայ գտնւող գագաթ:
Եւս 3.5 ժամ պահանջւեց, որից յետոյ խումբը ոտք դրեց Իրանի ամենագեղեցիկ տեսադաշտով գագաթներից մէկի վրայ, որտեղից երեւում է երկինք բարձրացած Դամաւանդն իր վեհութեամբ ու չափազանց մօտիկութեամբ: Կապոյտի տակ երեւում են նաեւ 4000-ից բարձր միւս՝ Սէ-սանգ, Դօ-խահարան, Թախթէ խերս գագաթները:
Խումբը դեռ հիացմունքով տարւած էր այդ բոլորով, երբ եղանակը նորից անակնկալ մատուցելով՝ սկսեց ձիւն տեղալ այդ բոլորի վրայ:
Նոյն զգուշաւորութեամբ խումբը բռնեց   ճամբար վերադարձող ճամբեն, որտեղ տեղակայւած էին վրանները: Ութ ժամ բուքի դէմ պայքարից յետոյ, խմբին յաջողւեց հասնել Նամարեսթաղ:

nazere bozorg

Ռուբիկ Յովհաննիսեանը, Հրաչ Վարդումեանը, Արթին Յովսէփեանը,եւ Ժանէս Աւետեանը ՝ ՆԱԶԵՐԷ ԲՈԶՈՐԳի գագաթին