կարճ լուրեր

ԴԷՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ .-«Պէտք է ամէն գնով պահպանել հայկական դպրոցը, ի մասնաւորի միջնակարգ օղակն ու հայոց ազգային «Սողոմոնեան» տղայոց դպրոցը»

www.sipanorg.org Երեքշաբթի 2017 թ. օգոստոսի 22-ին Հ.Մ.«Սիփան» միութեան կողմից  կազմակերպւել էր կլոր սեղան` «Հայկական դպրոց և առկայ մտահոգութիւններ» թեմայով:

Կլոր սեղանին էին մասնակցում վաստակաշատ ուսուցիչներ՝ Աշոտ Սինանին, Նորվանն ու Արմէն Հայրապետեանը:

Ներկայ էին Ի. Ի. Խ. Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը,  Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի և Թեմական Խորհրդի ատենապետները, «Ալիք» օրաթերթի և «Յոյս» երկշաբաթաթերթի  խմբագիրները, որոնք ևս արտայայտւեցին և շեշտեցին հարցերի կարևորութիւնը:

Բացման խօսքով հանդէս եկաւ «Սասուն» քաղաքամասի պատգամաւոր, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ և վաստակաշատ ուսուցիչ՝ Արմէն Հայրապետեանը:

Վերջինիս իր ելոյթում մասնաւորապէս շեշտեց որ հանդիպման առիթն ու դրդապատճառը տարիների ընթացքում զարգացած ու այսօր օրհասական դարձած՝ հայկական դպրոցների պարպւելու և որպէս փաստացի երևոյթ ոչ հայկական դպրոց յաճախող աշակերտների թւի աճի խնդրին լուծում տալն է:  Պատգամաւորական Ժողովի դիւանի անունից արտայայտւելով նա շեշտեց, որ Պատգամաւորական ժողովը իր վերջին նիստերի ընթացքում օրակարգ է դարձրել հայոց դպրոցների միջնակարգ օղակի վերականգնման ու պահպանման հարցը: Նշւեց որ որպէս վիրտուալ առումով շփւելու միջոց կազմւել է telegram-ի խումբ, որին անդամակցում են առաւել քան 400 ծնողներ, և  իրենց ընձեռնած առիթը օգտագործելով բարձրաձայնել են իրենց զաւակների ոչ հայկական դպրոց արձանագրւելու փաստը, մեծամասնութիւնը պահանջելով որ ազգային իշխանութիւնից ելքեր գտնի որպէսզի իրենց զաւակներին հայկական դպրոց վերադարձնեն:

Կլոր սեղանին մասնակցող վաստակաշատ ուսուցիչ՝ Աշոտ Սինասնին իր ելոյթում պատմական ակնարկ կատարեց գաղթօջախներում հայկական դպրոցների կարևոր դերին, սերունդների հայեցի դաստիարակութեան, հայապահպանման  ու ազգի նկարագրի ստեղծման հարցում:

Հերթը փոխանցւեց կլոր սեղանի երրորդ մասնակցին վաստակաշատ ուսուցիչ՝ Նորվանին: Նորվանը հանդիպման էր բերել 2010 թւականին «Ալիք» օրաթերթում տպագրւած իր յօդւածը, որը իր տեսակէտն էր պարունակում  դպրոցների և  համայնքի խնդիրների շուրջ:

.-«Մենք անտես շղթաներով կառչած ենք մնացել անցեալին և դեռ ապրում ենք անցեալի չգիտես ինչ փառքով ու հուով: Այն ինչ, անցեալը պատմութեան գիրկն անցաւ: Պէտք է իրատեսօրէն գնահատել ներկան և իրադարձութիւնները ու համապատասխան լուծումներ գտնել: Այո, ժամանակին համայնքը մեծ է եղել և դպրոցներն ու հաստատութիւնները կառուցւել են ժամանակի բնակչութեան աշակերտութեան թւաքանակին համապատասխան, սակայն այսօր համայնքը նոսրացել է, դպրոցները թափուր են դարձել և առաւել քան երբևէ անհրաժեշտ է մեկտեղել և միաւորել այն»: Առաւել կարևորութեամբ նշեց նա որ -.«Կամք և բիւջէ է պէտք, այս ամէնը իրականացնելու համար»:

Եղան արտայայտւողներ առաջնահերթաբար կարևորեցին այսօր փակամն եզրին հասած հայոց ազգային Սողոմոնեան դպրոցի պահպանման  հարցը, իսկ որպէս երկարատև ծրագիր պատկան պատասխանատուներից սպասւում էր որ յստակ ծրագիր մշակեն  ոչ հայկական դպրոց յաճախող աշակերտութեան դէպի հայկական դպրոց վերադարձնելու:

photo_2017-08-22_22-57-34photo_2017-08-23_02-46-49photo_2017-08-23_02-10-11photo_2017-08-22_22-50-05

-->