կարճ լուրեր

Սկաուտական

IMG_9805

 

 

Հայ Մշակութային ՙՍիփան՚ Միութեան Սկաուտական բաժանմունքը հիմնադրւել է   1972 թւականի ապրիլի 5-ին, համահունչ հայկական սկաուտական նպատակներին, նպատակաուղղւած լինելով դաստիարակելու  հայորդիների, որոնք պիտի շարունակեն  լինել դրօշակակիրները՝ Հայ Դատի լուծման աշխատանքների ճանապարհին:

40 տարիներ ի վեր, միութեանս յարկի տակ աշխատող սկաուտական բաժանմունքը, շարունակում է իր երթը, հետեկելով՝ հայկական սկաուտական ՙԲարձրացի՛ր, Բրաձրացր՛ու նշանբանին :

Բաժանմունքն, ըստ իր կառոյցի, ղեկավարւում է «Սկաուտական Գերագոյն Մարմին»-ի միջոցով,հետեւելով սկաուտապետի հրահանգներին: Ընթացիկ շրջանում բարձրագոյն ժողովի որոշմամբ,որպէս բաժանմունքիս սկաուտապետ ընտրւել է Խմբապետ Հարմիկ աբդալեանը: Իսկ Գերագոյն Մարմնի անդամ են նշանակւել խմբապետ Արփի Պետրոսեանը, Առաջնորդ Վանէ Մակարեանը, Առաջնորդ Սերլի Սարգսեանը, Դեր-Առաջնորդ Վարուժան Յակոբեանը եւ Դեր-Առաջնորդ Արւին Իսայեանը:

Բաժանմունքը բաղկացած է Գայլիկների, Արծւիկների, Արիների եւ Արենուշների հատւածներից: 4 տարեկանը բոլորած երեխանները կարող են անդամակցել  Գայլիկների եւ Արծւիկների հատւածներին, իսկ 11 տարեկան պատանի¬պարմանուհիները՝ Արիների եւ Արենուշների հատւածներին:

Ուրախութեամբ պէտք է նշենք որ  բաժանմունքի Երէցների փաղանգը վերսկսել է իր աշխատանքը և ընդունում է 16 տարեկանից վեր երիտասարդ-ուհիների:

Սկաուտական բաժանմունքի  շաբաթական աշխատանքները տեղի են ունենում իւրաքանչիւր հինգշաբթի, կէսօրից յետոյ ժամը 3-ից 6:30-ը, միութեանս կենտրոնատեղիում:Աշխատանքների յայտագրում ներառւած են սկաուտական, ազգային եւ կրօնական գիտելիքների, ձեռքի աշխատանքների, Ֆիզիքական եւ մարզական վարժութիւնների, ինչպէս նաեւ  սկաուտական խաղերի բաժինները: Շաբաթական աշխատանքների կողքին փորձ է արւում կազմակերպել արշաւներ եւ բանակումներ, որոնցով աւելին է հարստացւում եւ իմաստաւորւում սկաուտական կեանքը, սկաուտին բնութեանը աւելի մերձեցնելու եւ հաւաքական կեանքին վարժեցնլու առումներով:

 

 

Scout-

 

 

——————————————————————————————————–

Դպրոցական եւ քննութեան օրերի աւարտից անմիջապէս յետոյ՝ ինչն է աւելի հաճելի, եթէ ոչ ամբողջ օրը անցկացնել բնութեան գրկում՝ երգել, պարել, խաղալ…
Հայ մշակութային «Սիփան» միութեան Սկաուտական բաժանմունքը, միութեան 50-ամեակին նւիրւած, յունիսի 21-ին կազմակերպել էր մէկօրեայ արշաւ՝ «Նայիրի» եւ «Թունեան» տարրական դպրոցների չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանցիների համար՝ «Ռոբաթ» գործարանի շրջափակում:

scout1
Արշաւին մասնակցում էին շուրջ 120 աշակերտներ, նրանցից ոմանք սկաուտներ էին եւ ծանօթ այն ամէն ինչին, որ պէտք է տեղի ունենար ողջ օրւայ ընթացքում:
Վաղ առաւօտեան աշակերտները սկաուտ պատասխանատուների, դպրոցների ծնողների եւ «Թունեան» տարրական դպրոցի փոխտեսչի ուղեկցութեամբ ժամանեցին արշաւավայր, այնտեղ նրանց դիմաւորեցին սկաուտ պատասխանատուները, արի եւ արենուշները, որոնք մէկ օր առաջ գնացել էին՝ արշաւավայրը նախապատրաստելու: Արշաւին ներկայ էին նաեւ միութեան բարձրաստիճանաւոր նախկին սկաուտները, ովքեր սկաուտական ներկայ պատասխանատուների հետ կողք-կողքի մասնակցեցին տարւող աշխատանքներին:
Արշաւի սկզբում աշակերտները դասարան առ դասարան բաժանւեցին երեք խմբի, ծանօթացան իրենց խմբի պատասխանատուների հետ, այնուհետեւ ամէն խումբ բաժանւեց խմբակների, որոնք ունէին խմբակի պատասխանատու, խմբակի անուն եւ դրօշ: Բաժանումները կատարելուց եւ միմեանց հետ ծանօթանալուց յետոյ՝ աշակերտները խմբակ առ խմբակ պատրաստւեցին՝ նախաճաշելու:
Օրւայ ծրագրի եւ աշխատանքների շարքում նախատեսւած էին՝ ֆիզիկական, հետախուզական, ձեռքի աշխատանք, երգ, ջրախաղ, մրցութիւն դասընթաց-աշխատանքները: Նախաճաշից յետոյ՝ իւրաքանչիւր խումբ անցաւ նախատեսւած աշխատանքների կատարմանը:

scout2
Ֆիզիկական աշխատանքի պահին չորրորդ դասարանցիների համար նախատեսւած էր թիրոլի վարժութիւն, որի ընթացքում նրանք սովորեցին ինչպէս բարձրութիւնում թոկից բռնած՝ մի կէտից միւսը տեղափոխւել: Հինգերորդ դասարանցիների համար նախատեսւած էր թոկից բարձրանալու վարժութիւնը, որի ընթացքում աշակերտները ծանօթացան թոկից բարձրանալու եւ իջնելու հնարքներին, իսկ վեցերորդ դասարանցիների համար՝ ռոլինգի վարժութիւն, որի ընթացքում նրանք փորձեցին գետնի վրայ պտոյտ կատարելով՝ արագ մի կէտից միւսը տեղափոխւել:
Այնուհետեւ վեցերորդ եւ հինգերորդ դասարանցիների համար հետախուզական աշխատանքն էր, որով աշակերտները սովորելով գաղտնի նշանների իմաստի ու նշանակութեան մասին կարողանալ տարածքում գետնի վրայ տեղադրւած նշանները գտնել եւ հասնել նպատակակէտին:

scout3
Հանգստի ժամից յետոյ՝ խաղերի հերթն էր, որտեղ ջրախաղով օրւայ տաքից զովացան եւ զւարճացան թէ՛ աշակերտները, եւ թէ՛ պատասխանատուները: Իսկ ձեռքի աշխատանքի պահին, օգտւելով արշաւավայրում եղած փայտիկներից եւ քարերից, ով իր ճաշակով զարդարեց իր ծաղկամանը: Ճաշելուց եւ հանգստանալուց յետոյ՝ երգի պահն էր, աշխատանքի ընթացքում երկու երգ սովորեցին:
Վերջին աշխատանքը ծրագրած մրցութիւնն էր: Բոլոր աշակերտները բաժանւեցին վեց խմբերի եւ հետաքրքիր խաղերով մրցակցեցին միմեանց հետ:

scout4

Մրցոյթից  յետոյ, խրախճանք էր, խրախճանքի սկզբում վեցերորդ դասարանի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ներկայացումներ այն ամէն ինչից, որ սովորել էին օրւայ ընթացքում, տղաները բուրգ պատրաստեցին, աղջիկները շրջպար պարեցին, եւ բոլորը միասին «Վերջին զանգ»-ը երգեցին: Եւ որպէս օրւայ յիշատակ՝ բոլոր վեցերորդ դասարանցիները ստացան սկաուտական փողկապ:
Խրախճանքով աւարտւեց օրւայ արշաւը: Աշակերտները եւ սկաուտները հանրակառքերով վերադարձան Սասուն քաղաքամաս: «Սիփան» միութեան մօտ բոլոր ծնողները սպասում էին իրենց երեխաներին, սակայն դեռ մի փոքր համբերել էր պէտք մինչեւ բոլորը միութեան սրահում հրաժեշտի երգը երգելով՝ բաժանւէին՝ միայն ցտեսութիւն ասելով եւ դարձեալ իրար հանդիպելու ցանկութեամբ:

Հ. Մ. «Սիփան» միութեան Հանրային կապ
ՆԱՅԻՐԻ ՇԻՐՒԱՆԵԱՆ